Համաշխարհային տիրապետություն ստեղծելու մոլուցքով տարված գերօլիգարխներն ու իրենց շահերը սպասարկող կորպորացիաները տարբեր ծրագրեր մշակելով փորձում են ամենուր հաստատել իրենց ստեղծած նյութապաշտ արժեհամակարգը, որն իրականում սահմանափակում է մարդու իրավունքները և անհատին դարձնում սպառողական հասարակարգի սպասարկող միջոց: Այդ ամենը ոտնահարում է մարդու ազատությունը և արժանապատվությունը` կեղծ ազատության և հավասարության սկզբունքներ առաջարկելով, որոնք խաթարում են արարչադիր ներդաշնակ համակարգը մարդու հոգու և մարմնի միջև: Նրանց նպատակների իրագործման առջև ծառացած մեծագույն խոչընդոտներից մեկը քրիստոնեությունն է և քրիստոնեական արժեհամակարգը: Եվ զարմանալի չէր, երբ վերջերս ՄԱԿ-ից «խուրհուրդ» էին տալիս դպրոցներից հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան կամ դարձնել ոչ պարտադիր` պատճառաբանելով խղճի, դավանանքի ազատության դրույթները: Քրիստոնեական արժեհամակարգը մշտապես խոչընդոտել է նրանց ստեղծած արժեհամակարգի տարածմանը և կիրառմանը անհատի կյանքում և հասարակության մեջ: ՈՒստի նման քայլերով փորձ է արվում երկրներում քայքայել հոգևոր, մշակութային, ազգային հիմքերը, որոնք ձևավորվել են դարերի ընթացքում և հանդիսանում են ազգի ինքնության և ինքնագիտակցության միջնաբերդը: Վերացնելով այդ համակարգերը` խարխլված հիմքեր ունեցող հասարակությունն ու պետությունը լիովին դառնում են վերահսկելի նոր աշխարհակարգի ծրագիր իրականացնող գաղտնի կամ կիսագաղտնի ակումբներ ստեղծած գերօլիգարխների ձեռքին: ՄԱԿ-ի կամ այլ միջազգային կառույցների կողմից նմանօրինակ չափորոշիչներ ներդնելը երկրների ներքին կյանքի նորմերում, հաշվի չառնելով տվյալ երկրների հոգևոր և մշակութային ինքնության առանձհատկությունները, ամենևին էլ չի բխում տվյալ երկրների ազգային անվտանգությունից:
Ամեն ոք ազատ է խղճի և դավանանքի ազատության մեջ, այդուհանդերձ, դպրոցում չուսուցանել հայ եկեղեցու պատմություն, նշանակում է երեխաներին մատնել չիմացության իրենց հոգևոր-մշակութային և եկեղեցու դերի, հայոց պետականության պատմության ձևավորման հարցերի շուրջ: Հայ եկեղեցու պատմության առարկան փոխշաղկապված է հայեցի դաստիարակության հետ: Չմոռանանք, որ Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը հիմք դրեցին ազգային դպրոցին և կառուցեցին ազգային ուսուցման գրավոր հիմնաքարերը: Եվ դպրոցի զարգացումն ու ծաղկումը մշտապես միջնադարում կապված է եղել եկեղեցու հետ: ՈՒստի, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան նախ և առաջ ազգային յուրահատկության զարգացման կարևորագույն գրավականներից է տարանջատվելու և չձուլվելու համահարթերցում ու միօրինակություն պարտադրող գլոբալիզացիայի գործընթացներում: Չի բացառվում` որոշ ժամանակ անց նույն ՄԱԿ-ից կհնչեն երեխաների իրավունքները պաշտպանելու նոր կոչեր, որ առաջին դասարանից սկսած երեխաները թող որոշեն, թե ինչ առարկաներ են ցանկանում անցնել, ինչպես, օրինակ, որևէ աշակերտ կարող է ասել, որ իր իրավունքները ոտնահարված են, և ինքը չի ցանկանում անցնել հայոց լեզու կամ մաթեմատիկա առարկան, այլ, հիմնվելով օտարածին իրավապաշտպան կառույցների վրա, ցանկանում է անցնել միայն կամ ռուսերեն, կամ անգլերեն, կամ այլ օտար լեզու, կամ այն առարկաները, որ մեկն ինքն ուզում է: ՄԱԿ-ի առաջ քաշած «խորհրդատվությունները» արդյո՞ք չեն պարունակում նմանօրինակ երեխայի իրավունքների հեղհեղուկ պաշտպանություն դպրոցներում: ՄԱԿ-ի մոտեցումները ցույց են տալիս, որ շատ հավանական է` պարունակում են: Իսկ նման կրթակարգի ստեղծումը նշանակում է կործանել կրթական համակարգը և ստեղծել կիսագրագետ և դյուրահավատ հասարակություն, որին կարելի է հեշտությամբ մատուցել ցանկացած տեղեկություն և դարձնել կառավարելի` ծառայեցնելու համար նոր աշխարհակարգ կոչվող ծրագրի նպատակներին: Կիրիլ պատրիարքն այս ամենի շուրջ իր մտահոգությունն է արտահայտել «Ազատություն և պատասխանատվություն» գրքում, որտեղ ասում է. «Սերելով աստվածակենտրոն հոգևոր ավանդույթից, որը մարդակենտրոն մարդասիրությունն ընկալում է որպես իրեն խորթ աշխարհայացք, մենք պատրաստ ենք հարգելու այն, բայց երբեք չենք կարող ընդունել որպես բացարձակ և անվերապահորեն դրական արժեք: Մենք ելնում ենք նաև այն բանից, որ ժողովուրդների ազգային-մշակութային և կրոնական ինքնության կազմալուծմանը կամա, թե ակամա նպաստող չափորոշիչները անխուսափելիորեն կհանգեցնեն Աստծու աշխարհի լիարժեքության աղքատացմանը, նույնականացմանը և ի վերջո կործանմանը»:
Պատմությունը ցույց է տվել, որ քրիստոնեական արժեհամակարգը հայ ժողովրդի ինքնության և հարատևության գրավականն է: Այդ իսկ պատճառով տարբեր հարթակներից միաբևեռ աշխարհակարգ ձևավորող կազմակերպությունները հնչեցնում են տարաբնույթ քննադատություններ քրիստոնեական հավատի և Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Նրանց ծրագրերը հիմնականում երկարաժամկետ են և արտահայտված են նաև զանազան դրամաշնորհների միջոցով, բայց, բարեբախտաբար, միաբևեռ աշխարհ ստեղծելու նրանց ծրագիրն այդպես էլ մնում է անիրագործելի:
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ